Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Անմնացորդ սիրահարվեցի Հայաստանին»

«Անմնացորդ սիրահարվեցի Հայաստանին»
22.04.2016 | 11:48

Երեսունվեց տարի Շվեդիայում ապրող հայ գործարար ՀԱՅԿ ԱԶԱՏՅԱՆԸ ճակատագրի բերումով է 90-ականների սկզբին «հայտնաբերել» Հայաստանը: Մինչ այդ նրան կյանքը տարբեր երկրներ է «գործուղել»: Թուրքիայից տասը տարեկանում Գերմանիա տեղափոխված Հայկը մինչև 1980-ականների սկիզբն այնտեղ է մեծացել` ավարտելով դպրոցն ու համալսարանը: 1980-ին առաջին անգամ հյուրընկալվել է Շվեդիայում և որոշել մշտական բնակություն հաստատել այնտեղ: Ստեղծել է սեփական օջախը, ունի մեկ որդի` Լևոն, և երեք դուստր` Անի, Մարալ, Նոյեմ:


Հայաստանի հետ ծանոթության առաջին «մեղավորը» եղել է հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը, ում որդին` Արա Բաբաջանյանը, Շվեդիա է մեկնել հոր երաժշտությունը ներկայացնելու համար: Երկու հայի ճակատագրական հանդիպում, որը հետո պետք է ամուր ընկերության վերածվեր: Հաջորդ հանդիպումը եղել է Մոսկվայում, առիթը դարձյալ կոմպոզիտորն է եղել. տոնում էին նրա հոբելյանը: «Այնտեղ այնքան հայի հանդիպեցի, որ կյանքում երբեք չէի տեսել»,- անկեղծանում է Հայկը և հիշում, որ Թուրքիայում ապրած տարիներին իրենց ընտանիքում, որտեղ հայրը` Մեսրոպը, և մայրը` Մարիամը, հայեցի դաստիարակել են չորս տղաների, գրեթե չի խոսվել ազգային իրական պատկանելության մասին: Պատահաբար պապիկից տեղեկացել է, որ իրենք հայ են, բայց թե ովքեր են հայերը, որտեղ է Հայաստանը, ոչ մի տեղեկություն չի ունեցել: Ավելին, հայերեն ոչ մի բառ չի իմացել, երբ 90-ականներին Հայաստան է ժամանել: Իսկ այժմ արդեն վարժ հայերեն է խոսում: Հայաստանը տեսնելու Հայկի երազանքն իրագործում է կրկին Արա Բաբաջանյանը` անակնկալ նվիրելով ուղետոմս, որը մինչև այսօր, որպես հիշատակ, սրբորեն պահում է:

Հայրենիքում մայրենի լեզուն առաջին անգամ լսած յոթ լեզվի գիտակ հայը սկսում է արտասվել: «Հետո անմնացորդ սիրահարվեցի Հայաստանին: Հայաստանի համար հաստատ որոշել եմ մի լավ բան անել»,- ասում է գործարարը: Սակայն հինգ տարի առաջ դժբախտություն է պատահում: Կաթված: Ապաքինվելու բոլոր հույսերը գրեթե հօդս են ցնդում: Բայց Հայկ Ազատյանը առաքելություն ուներ հայրենիքի հանդեպ, ու Բարձրյալը նրան ապրելու երկրորդ հնարավորությունն է ընձեռում: Ապրելու և հայրենիքին ինչ-որ բանով օգնելու ճիգերը հենց այնպես չեն անցնում: Հիվանդության մասին պատմելուց անմիջապես հետո Հայկը նշում է, որ իր Լևոն որդին բժիշկ է ու ամեն ինչ անում է, որ զավակներն էլ Հայաստանի հետ կապը մշտապես պահեն: «Բոլորի համար էլ Երևանում տուն եմ գնել: ՈՒզում են գան, հայերեն սովորեն: Այսօր մեծ աղջկաս` Անիիս հետ եմ խոսել, ասում է` պապ, ձայնդ շատ լավ է, ասում եմ` Հայաստանից եմ խոսում (ծիծաղում է-Ռ.Խ.): Այն կապերը, որ ես ողջ կյանքում աշխարհի տարբեր երկրներում ունեցել եմ, այսօր ուզում եմ հօգուտ Հայաստանի օգտագործել»,- ասում է շվեդահայ մեր հայրենակիցը:


Անդրադառնալով Շվեդիայի հայ համայնքին, Հայկը տեղեկացրեց, որ շուրջ յոթ հազար հայ կա այդ երկրում, որոնք բավականին ակտիվ են: ՈՒ անմիջապես հիշեցրեց վերջերս ԶԼՄ-ներում շատ քննարկվող շվեդացի թուրք պաշտոնյայի հայտարարությունը: Նկատենք, որ Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում թուրք-ադրբեջանական համայնքի ցույցի ժամանակ թուրք Բարբարոս Լեյլանին, որը նաև Շվեդիայում թուրքական համադրող կենտրոնի փոխնախագահն է, կոչ էր արել «սատկացնել հայ շներին»: Սա հարուցել էր ողջ պետական ապարատի զայրույթը, ինչից հետո Բարբարոսը (առավել համապատասխան անուն, թերևս, դժվար է գտնել) հայտարարություն էր տարածել, պնդելով, որ տեղի ունեցածը պարզապես լեզվի սայթաքում է: Այս հայտարարությանն անդրադարձել է նաև երկրի վարչապետը` դատապարտելով այլատյացության սերմանումը: Ի դեպ, եթերում Բարբարոսը լալահառաչ ներողություն է հայցել, բայց հայ համայնքը որոշել է հետ չվերցնել քրեական գործ հարուցելու հայցը:


«Շվեդիայում հնարավոր չէ, որ ազգային փոքրամասնություններից մեկը կարողանա մյուսի վրա ազդել կամ խախտել նրա իրավունքները: Կա նաև մի թուրք նախարար, որի մերձավոր շրջապատի անդամ է Բարբարոսը, այդ նախարարին ևս աշխատանքից հեռացրել են: Շվեդիայում այդպես է, բոլոր օրենքներն ու իրավունքները պետք է հարգվեն: Ժամանակին սոցիալիստական կուսակցությունից մի կին քաղաքական գործիչ կար, որը պետք է նշանակվեր Շվեդիայի վարչապետ, բայց մեկ պատճառով նրան արգելեցին դա: Նա սխալմամբ պետական կրեդիտ քարտն էր օգտագործել, որպեսզի թոռան համար մի «փամփերս» գնի: Խայտառակ ձևով հեռացվեց իշխանությունից: Մեզ մոտ եթե պետությանը հարկ ես տալիս, դու սուրբ մարդ ես համարվում: Բայց եթե դու խաբում ես, ոչ մի տեղ այլևս մուտքի «արտոնագիր» չեն տալիս, բոլորը խուսափում են քեզնից»,- հայկական իրականությանը խորթ պատկեր ներկայացրեց Հայկը:


Ռազմական վերջին գործողություններին անդրադառնալով, մեր հայրենակիցն այդ ամենում տեսնում է Թուրքիայի մեղավորությունը: Ըստ նրա, պաշտոնավարման առաջին իսկ օրից Էրդողանը ծառայում է Արևմուտքին: «Իրեն միլիոններ են տալիս, ինքը միլիարդներ է տալիս: Որքան այդ մարդիկ Էրդողանի հետ են, ունեն ընդհանուր շահեր, Թուրքիան այսպես կգոյատևի, եթե չլինի քրդերի խնդիրը: Այսօր Թուրքիան մեծ վտանգի մեջ է»,- ընդգծեց մեր զրուցակիցը, հավելելով, որ ղարաբաղյան պատերազմը ունի «նախապատմություն»: Պարզվում է, այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն իր բազաները հանում էր Իզմիրից, մի քանի ժամ հետո Իսրայելը հայտարարում է, որ իր դեսպաններին հետ է կանչում, որից հետո ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարվածություն է լինում: Վերլուծելով միջազգային զարգացումները, Հայկը նշեց, որ Թուրքիայում քրդական խնդրից ուշադրությունը շեղելու համար մեր տարածաշրջանում այսպիսի վտանգավոր «խաղեր» են կազմակերպել: Վաղ թե ուշ Թուրքիան բաժանվելու է երեք մասի` քրդերի, թուրքերի և քրիստոնյաների: «Մենք պետք է մեր բոլոր ունակությունները, խելքը գործի դնենք, Արևմուտքին ու մյուս գերտերություններին ծնկի բերենք մեր ոտքերի առաջ: Հայաստանի և Արցախի փրկությունը նախ տնտեսության զարգացման մեջ է: Ի դեպ, Հայաստանը միակ երկիրն է, որտեղ պատերազմի ժամանակ ոչ թե երկրից փախչում են, այլ համասփյուռ հայությունը հետ է վերադառնում հայրենիք»,- վստահեցնում է Հայկը և պատմում, թե առաջին այցի ժամանակ ինչպես է իր շվեդ լրագրող ընկերոջ` Մարտին Ադլերի հետ ազատամարտի, Հայաստանի մասին ուշագրավ հաղորդում պատրաստել` ցավով տեղեկացնելով, որ վերջինս զոհվել է Մուգադիշում:

Այս օրերի իրադարձությունների համատեքստում էլ հիշեցնում է իր ընկերոջ՝ ժամանակին ասված խոսքերը. «Ես ողջ աշխարհի պատերազմների մասին շատ նյութեր եմ պատրաստել, բայց հայի նման կռվող չեմ տեսել: Զարմանում եմ, որ երբ կռվի դաշտում մեկը զոհվում է, հպարտանում են, որ նա իր երկրի համար հերոսական ծառայություն է մատուցել: Սա մեծ ուժ է, ոգի»,- եզրափակեց Հայկ Ազատյանը` տեղեկացնելով, որ քսանհինգ տարի շարունակ ապրիլի 24-ին Հայաստան է գալիս:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ